28.11.2023

Համաշխարհային զբաղվածության աճն էներգետիկ ոլորտում 2019-2022 թթ․

Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրումը զբաղվածության աճի առաջնային շարժիչ ուժն է և արտացոլում է արևային հզորությունների աճող պահանջարկը։

Համաձայն «Միջազգային էներգետիկ գործակալության» տվյալների, էներգետիկ ոլորտի աշխատուժը գերազանցել է 3,9 միլիոնն ամբողջ աշխարհում՝ 2022 թվականին նախորդ տարվա համեմատ աճելով ավելի քան 13%-ով՝ հիմնականում կենտրոնացած լինելով նոր հզորությունների տեղադրման վրա, ինչն ընդգծում է արևային կայանների աճող պահանջարկը տարբեր ոլորտներում ու տարածաշրջաններում։

Արևային ֆոտովոլտային կայանի բաղադրիչ սարքավորումների արտադրությունը նույնպես էական դեր է խաղում ոլորտում զբաղվածության հարցում․ ընդհանուր զբաղվածության մոտավորապես 20%-ը հատկացված է պոլիսիլիկոնի, բջիջների, մոդուլների և ինվերտորների արտադրությանը։

Զբաղվածության աճը չի սահմանափակվում որևէ կոնկրետ տարածաշրջանով: Այնուամենայնիվ, Չինաստանն առաջատարն է արևային ֆոտովոլտային վահանակների արտադրության մեջ՝ կազմելով արտադրության հետ կապված աշխատատեղերի ավելի քան 75%-ը և ունենալով ավելի քան կես միլիոն աշխատատեղ էներգետիկ ոլորտում։ Հաջորդում են Եվրոպան, Հնդկաստանը, Հյուսիսային Ամերիկան, Կենտրոնական ու Հարավային Ամերիկան, Աֆրիկան։

Քանի որ երկրները ձգտում են նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումներն ու պայքարել կլիմայի փոփոխության դեմ, աճում է մաքուր ու կայուն էներգիայի աղբյուրներին անցնելու անհրաժեշտությունը: Այս անցումը ոչ միայն օգնում է մեղմել բնապահպանական մարտահրավերները, այլև ստեղծում է զգալի թվով աշխատատեղեր ու խթանում տնտեսական աճին:

Նկ․ 1 Զբաղվածության աճը վերականգնվող էներգիայի ընտրված ոլորտներում
​​​​

Ըստ «Միջազգային էներգետիկ գործակալության», վերականգնվող էներգիայի այլ ոլորտներ նույնպես զգալի զբաղվածության աճ են գրանցել: Էլեկտրական մեքենաների (EV) ու մարտկոցների ոլորտը, օրինակ, 2019-2022 թվականներին աճ է գրանցել 148%-ով: (նկ․1)

Վերականգնվող էներգիայի ոլորտում զբաղվածության աճը վկայում է մաքուր էներգիայի տեխնոլոգիաների հետ կապված տնտեսական ներուժի ու բնապահպանական օգուտների ճանաչման մասին: Կառավարությունները, բիզնեսները և անհատներն ամբողջ աշխարհում ընդունում են վերականգնվող էներգիան՝ որպես ավանդական հանածո վառելիքի կենսունակ ու կայուն այլընտրանք:

Շարունակական ներդրումների, աջակցող քաղաքականության ու տեխնոլոգիական առաջընթացի դեպքում կարող ենք ակնկալել վերականգնվող էներգիայի ոլորտում զբաղվածության հնարավորությունների ավելի լայն ընդգրկում ու տնտեսական զարգացում: