29.01.2022
Ի՞նչ անել, երբ արևային վահանակների վրա ձյուն է կուտակվել
Արևային կայանների արդյունավետ աշխատանքի համար շատ կարևոր է դրանց տեղադրումից հետո իրականացվող հետագա սպասարկման ճիշտ կազմակերպումը։ Հատկապես ձմռանը մարդկանց զգալի մասը կանգնում է արևային վահանակների վրա կուտակվող ձյան խնդրի առաջ և չի կողմնորոշվում ինչ անել նման իրավիճակում։
Բարեբախտաբար, արևային վահանակների վրա կուտակվող ձյունը լուրջ խնդիրներ չի առաջացնում արևային կայանի համար։ Սովորաբար, արևային վահանակների վրա ջերմաստիճանը, միջինում 10º - 12º C ավելի բարձր է շրջակա միջավայրի ջերմաստիճանից, որի հետևանքով էլ վահանակների վրայի ձյունը շատ հաճախ ինքնիրեն հալվում է։ Այս ամենին գումարվում է նաև այն, որ արևային վահանակները հիմնականում տեղադրվում են որոշակի անկյան տակ, ինչի արդյունքում դրա վրա կուտակված ձյունը հեշտորեն մաքրվում է դրա վրայից։
Սակայն, մարդկանց մի զգալի հատված չի ցանկանում սպասել դրա ինքնամաքրմանը և ցանկություն է հայտնում ինքնուրույն հեռացնել արևային վահանակների վրա կուտակված ձյունը։ Նման իրավիճակում առանցքային նշանակություն ունի մաքրման այնպիսի եղանակների ընտրությունը, որոնք կիրառելիս արևային վահակները չեն վնասվի։ Շատ հաճախ սխալ մաքրման հետևանքով հանդիպում են արևային վահանակների խազման և կոտրման դեպքեր, ինչի արդյունքում առաջանում են մի շարք բացասական հետևանքներ։ Մաքրման տարածված սխալ ու վտանգավոր ձևերից են բարձր ճնշումով ջրի (Kärcher) և քիմիական վնասող հեղուկների օգտագործումը։
Վերադառնալով արևային վահանակների վրա կուտակված ձյան շերտի հեռացմանը՝ պետք է ասել, որ դեռ չկան դրա համար առաջարկվող կոնկրետ տարբերակներ, սակայն միջազգային պրակտիկայում հնարամիտ սեփականատերերը գտել են որոշ իրավիճակային լուծումներ։ Այդպիսի լուծման օրինակներ են՝
-
Արևային վահանակները չվնասելու համար օգտագործվող տանիքի փոցխերը, որոնք չպետք է շփոթել շատերիս հայտնի կենցաղային փոցխի հետ:
-
Վերը նշված գործիքի բացակայության դեպքում հնարավոր է օգտագործել նաև բարակ խոզանակներով երկար պոչով ավելները։
-
Էլեկտրական օդամղիչ սարքով մաքրման դեպքերը։
-
Ջերմաստիաճանի 0-ից բարձր լինելու դեպքում ձյունը ջրով ցողելը։
-
Փափուկ գնդակով հարվածելը։
Տանիքի փոցխեր (նկ․1)
Տանիքի փոցխերը հատուկ նախագծված են ձյունը, սառույցը, և այլ կուտակումները հեռացնելու համար, ինչի արդյունքում հնարավորինս մաքուր և անվտանգ տանիք կունենաք: Այս փոցխերն ունեն հեռադիտակային բռնակներ, որոնք թույլ են տալիս ապահով մնալ գետնի վրա՝ միաժամանակ հասնելով տանիքի երկայնքով տարբեր բարձր կետերի։ Շատ սեփականատերեր դրանք օգտագործում են արևային վահանակներից ձյունը հեռացնելու համար:
(Նկ․1) Տանիքի փոցխ
Բարակ խոզանակներով երկար պոչով ավելներ (նկ․2)
Այս տարբերակի դեպքում համոզվեք, որ ընտրել եք այս տեսակի ավելների փափուկ մազերով տարբերակը, որպեսզի բացառեք արևային վահանակների մաքրման ժամանակ դրանց արտաքին շերտը քերելու վտանգը։
Այստեղ կարևոր է նշել այն, որ կուտակված սառույցն ու ձյունը շատ ծանր են և թափվելիս կարող են վնասվածքների պատճառ դառնալ անմիջապես ներքևում կանգնած մարդու համար: Արևային վահանակների վրայի ձյունը մաքրելիս պետք է զգույշ լինել և պահել անվտանգության կանոնները։
(Նկ․2) Բարակ խոզանակներով երկար պոչով ավելներ
Էլեկտրական օդամղիչ սարքեր (նկ․3)
Ձյան բարակ շերտերը կարելի է հեռացնել նաև էլեկտրական օդամղիչ սարքերով։ Ինչպես նախորդ դեպքերում, այս դեպքում էլ պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները և ուշադիր լինել, որպեսզի էլեկտրական լարերը հեռու պահվեն հնարավոր ջրային զանգվածներից և այլ էլեկտրահաղորդիչներից:
(Նկ․3) Էլեկտրական օդամղիչ սարքեր
Ձյունը ջրով ցողել
Եթե ջերմաստիճանը 0-ից բարձր է, և ձյան սառցակալման վտանգ չկա, ապա արևային վահանակների վրա կուտակված ձյունն ու սառույցը հեռացնելու համար կարելի է դրանք ցողել սովորական գոլ ջրով: Գոլ ջուրը կարող է հեշտությամբ հալեցնել ձյունը և թույլ տալ, որ այն թափվի արևային վահանակների վրայից:
Փափուկ գնդակներ
Եթե լավ նշանառու եք և ունակ եք դիպուկ հարվածելու, ապա կարող եք օգտագործել հատուկ փափուկ գնդակներ արևային վահանակների վրա կուտակված ձյան փոքր շերտերը ցած գցելու համար։ Այնուամենայնիվ, խուսափեք ավելի առատ ձյան պայմաներում այս հնարքի կիրառումից, քանի որ գնդակը, ամենայն հավանականությամբ, կխրվի տանիքին, այլ ոչ թե կօգնի ցած գցել ձյունը: Ինչպես նաև շատ կարևոր է, որ այս տարբերակը օգտագործելիս բացառեք արևային վահանակների վրա միկրոճաքեր առաջացնելու հնարավորությունը։
Ամփոփելով կարող ենք ասել, որ արևային վահանակները ձյան շերտից մաքրելու համար լավագույն տարբերակը դրանց ինքնամաքրման թողնելն է, սակայն արևային կայանի որոշ սեփականատերեր կիրառել են իրենց մտահաղացումները, որոնք թեև բավականին հնարամիտ են, սակայն հստակ ուսումնասիրություն չկա դրանց կիրառման հնարավոր վտանգների ու ազդեցության մասին։