29.03.2024

Արևային էներգիայի կիրառության ոլորտները

Արևի էներգիան, որպես վերականգնվող էներգիա, մարդկության կողմից օգտագործվում է բազմաթիվ եղանակներով, տարբեր կերպափոխիչների և սարքավորումների կիրառության միջոցով։
Արևային էներգիայի կիրառության հիմնական ոլորտները հետևյալն են․
  • Ջրատաքացուցիչներ
  • Արևային կայաններ
  • Արևային չորանոցներ
  • Փողոցային լուսավորության սարքեր
  • Արևային ջրհան պոմպեր
  • Արևային տրանսպորտ
  • Ջրի մաքրում, աղազրկում
Դիտարկենք համառոտ կերպով արևային էներգիայի կիրառության նշված ոլորտները։
Ջրատաքացուցիչներ
Արևային էներգիայի կիրառության կարևորագույն ձևը այդ էներգիայի կերպափոխումն է ջերմային էներգիայի , որի արդյունքում ստեղծվում է տաք ջուր:
Ջրատաքացուցիչներում, արևի ճառագայթային էներգիան կլանվելով սև գույնի կլանիչ մակերեսի կողմից, փոխակերպվում է ջերմային էներգիայի։ Այդ էներգիան փոխանցվում է ջրին հետագա օգտագործման, կամ տարածքի ջեռուցման նպատակով։ Արևային էներգիայի օգտագործման ամենատարածված տեխնոլոգիան ջրի տաքացման մեթոդն է տանիքում տեղակայված ջրատաքացուցիչների միջոցով(նկ․1)։

Նկ․1 Ջրատաքացուցիչներ
Արևային կայաններ
Արևային ֆոտովոլտային համակարգերի միջոցով արևի էներգիան կերպափոխվում է էլեկտրական էներգիայի։ Այս տիպի կերպափոխումը կատարվում է ֆոտովոլտային երևույթի միջոցով, որը հատուկ կառուցվածքով արևային մարտկոցի կոնտակտների վրա պոտենցիալների տարբերության առաջացումն է, արևային ճառագայթների էներգիայի կլանման արդյունքում։ Արևային մարտկոցները միացնելով հաջորդաբար և տեղադրելով ապակու տակ՝ ստացվում է արևային վահանակ։
Այսպիսով, կարելի է ասել, որ արևային կայանները իդեալական են, քանի որ դրանք գեներացնում, ստեղծում են էլեկտրական էներգիա, առանց որևէ շարժվող մեխանիկական դետալի, ինչի շնորհիվ ապահովվում է աշխատանքի բարձր հուսալիությունը։
Արևային կայանները անաղմուկ են և չեն աղտոտում շրջակա միջավայրը։ Դրանց շահագործման ծախսերը փոքր են և կարող են տեղադրվել անմիջապես օգտագործողի մոտ՝ բացառելով երկար էլեկտրահաղորդիչ լարերի կիրառությունը (նկ․2)։

Նկ․2 Արևային կայաններ
Արևային չորանոցներ
Արևային չորանոցները մարդկության կողմից օգտագործվել են վաղ ժամանակներից գյուղատնտեսական տարբեր պտուղ-բանջարեղենային արտադրատեսակներ չորացնելու նպատակով։ Դրանց աշխատանքի սկզբունքը հետևյալն է․ Արևի ճառագայթների միջոցով օդը տաքացվում է , որը կոնվեկցիայի միջոցով տեղաշարժվում է դեպի վեր։ Այդ հոսքի ճանապարհին հորիզոնական դիրքով ցանցի վրա տեղաբաշխվում են պտուղները կամ բանջարեղենները, որոնք չորանում են տաք օդի հետ շփման արդյունքում (նկ․3)։

Նկ․ 3 Արևային չորանոցներ
Փողոցային լուսավորության սարքեր
Արևային ֆոտոէլեկտրական մոդուլները հաջողությամբ օգտագործվում են փողոցների, զբոսայգիների և այլ տիպի տարածքների լուսավորության նպատակով։ Արևային լուսավորության սարքերի առավելությունն այն է, որ բացակայում է էլեկտրասնուցման լարերի մոնտաժի անհրաժեշտությունը, որը համեմատաբար թանկ է գնահատվում։ Փողոցային լուսավորության սարքերը գործում են ավտոնոմ, բացառապես արևից ստացված էներգիայի շնորհիվ, էկոլոգիապես մաքուր են (նկ․4)։

Նկ․ 4 Փողոցային լուսավորության սարքեր
Արևային ջրհան պոմպեր
Արևային էներգիայի կարևոր կիրառություն է նաև ջրհորներից, գետերից և լճերից ջրի բարձրացումը արևային էներգիայի շնորհիվ։ Արևային ջրհան պոմպերը կազմված են արևային ֆոտովոլտային մոդուլներից, կարգավորման էլեկտրոնային հանգույցից և պոմպից։ Ցերեկային ժամերին, արևի էներգիան ֆոտովոլտային մոդուլների միջոցով կերպափոխվում է էլեկտրականի և կարգավորման հանգույցի միջոցով տրվում է ջրհան պոմպին։ Վերջինս ջուրը վեր է բարձրացնում ջրհորից և լցվում է համապատասխան բաքը, որտեղից էլ այն օգտագործվում է տարբեր նպատակներով։
Արևային տրանսպորտ
Մարդկության համար կարևորագույն խնդիրը նաև արևային էներգիայի կիրառությունն է տրանսպորտային միջոցներում։ Այս խնդրի արդյունավետ լուծումը հնարավորություն կտա էապես նվազեցնել վնասակար գազերի արտանետումը մթնոլորտ, ինչպես նաև ջերմոցային էֆեկտը և բարելավել Երկրի էկոլոգիական վիճակը։
Այդ նպատակով կատարվում են բազմաթիվ հետազոտական և կոնստրուկտորական աշխատանքներ, կառուցվում են էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներ։ Այդպիսի տրանսպորտի օրինակ է էլեկտրական էներգիայով աշխատող մեքենան, ավտոմոբիլը, որը չունի արտանետումներ։ Էլեկտրական մեքենաների մարտկոցները սնվում են էլեկտրական ցանցից ստացվող էներգիայով, որը համարվում է էկոլոգիապես մաքուր, եթե այն ստացվում է այլընտրանքային աղբյուրներից (արևի, քամու, հիդրոէլեկտրակայաններից)։ Սակայն, ինչպես հայտնի է, ներկայումս շատ են նաև Երկրի ընդերքի վառելիքի այրման միջոցով գործող էլեկտրակայանները, ինչի պատճառով , էլեկտրական մեքենաների կիրառությունը չի համարվում ամբողջովին մաքուր էկոլոգիական մոտեցում։
Ներկայումս մշակվում և օգտագործվում են արևային էներգիայով սնուցվող էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ։ Այստեղ տեղադրված են արևային ֆոտովոլտային մոդուլներ, որոնք ցերեկային ժամերին լիցքավորում են կայանի էլեկտրական մարտկոցները, որտեղից էլ կուտակված էլեկտրաէներգիան տրվում է լիցքավորման կանգնած էլեկտրական մեքենայի մարտկոցին։ Խնդրի այս տիպի լուծումը լիովին էկոլոգիապես մաքուր մոտեցում է։ Այդպիսի մոտեցում է նաև արևային ֆոտովոլտային մարտկոցներ կրող էլեկտրական մեքենաների մշակումը։ Դա հնարավորություն է տալիս անհրաժեշտ էներգիան ամբողջապես կամ դրա հիմնական մասը ստանալ մեքենայի թափքի վրա տեղակայված արևային մարտկոցներից։
Ջրի մաքրում, աղազրկում
Արևային էներգիայի կիրառության մեկ այլ կարևոր ոլորտ է խմելու ջրի ապահովման խնդիրը ջրի աղազրկման միջոցով։ Ինչպես հայտնի է, շատ երկրներում խմելու ջրի պակաս կա։ Այդ իսկ պատճառով ծովերի և օվկիանոսների ջրի աղազրկումը մեծ կարևորություն ունի։
Ջրի աղազրկումը կատարվում է թորման միջոցով, որը էներգատար պրոցես է։ Արևի էներգիայի օգտագործումը այս նպատակի համար խնդրի լուծման լավագույն տարբերակն է։ Կատարվում է ջրի թորում-մաքրում, որը այլ գոյություն ունեցող մեթոդների համեմատ տնտեսապես շահավետ է, հեշտ իրականացվող և էկոլոգիապես մաքուր։
Արևային էներգիայի կիրառության հիմնական ոլորտներն այսքանն էին, սակայն այն կիրառելի է ամենուր։