Արևային համակարգերի առավելությունները, օգուտներն ու հիմնական առանձնահատկությունները
Նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք ապահովելը մարդկության զարգացման շարժիչ ուժն է բոլոր ժամանակներում։ Հատկապես, 21-րդ դարում այս մտածելակերպն իր կայուն դրսևորումն է գտել բիզնես միջավայրում, որտեղ արդարացված ներդրումները դարձել են ոչ միայն շահութաբերության, այլև ապահովագրված ապագայի և բարեկեցության նախադրյալները, ինչը հնարավոր է միայն ծախսերի և արդյունքերի ճիշտ համադրման պարագայում։
«Արդարացված ներդրումներ» և «նվազագույն ծախսերով առավելագույն արդյունք» եզրույթների միմյանց փոխկապակցված լինելն առավելապես հանդիպում է արևային համակարգերի տված օգուտներն ուսումնասիրելիս։ Արդեն գրեթե ամենուր հանդիպող արևային համակարգերն այնքան սովորական են դարձել մեզանում, որ շատերին է հետաքրքրում դրանց առավելությունները, հնարավոր օգուտները, ինչպես նաև այս ամենին վերաբերող հիմնական առանձնահատկությունները։
Հետևելով վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացնեին՝ կարելի է տեսնել, որ արևային համակարգերը շատ լուրջ տարածում ունեն հատկապես բիզնես շրջանակներում։ Նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ձգտող բիզնեսներն առաջին հերթին նկատել են արևային համակարգերի այն առավելությունը, որ դրանք կարելի է ձեռք բերել առանց նախնական մեծ ներդրումների։ Իրադարձությունների նման ընթացքն իրականություն է դառնում արևային համակարգեր տեղադրող ընկերությունների և բանկերի համագործակցության շնորհիվ, ինչի հետևանքով արևային համակարգերից օգտվել ցանկացող մարդկանց առաջարկվում է ֆինանսավորման շահավետ տարբերակներ։ Օգտվելով բանկերից ֆինանսավորվելու տարբերակից՝ արևային համակարգեր տեղադրել ցանկացող անհատները կարողանում են իրենց՝ էլեկտրաէներգիայի սպառման համար իրականացվող ամենամսյա վճարները տրամադրել վարկի մարմանը և արդյունքում, իրականացնելով լրացուցիչ մինիմալ ծախսեր, մի քանի տարի հետո ունենում են բացարձակ անվճար էլեկտրաէներգիա։
Իհարկե, այս ամենը վերաբերում է նաև այն անհատներին, ովքեր ցանկանում են տեղադրել արևային համակարգեր իրենց սեփական տների համար, պարզապես օգուտների քննարկման տեսակետից բիզնեսներն ունեն ավելի շոշափելի ու պատկերավոր արդյունքներ։ Հատկանշական է, որ այն բիզնեսները, ովքեր տեղադրել են արևային համակարգեր դեռևս տարիներ առաջ, այսօր ունեն լուրջ մրցակցային առավելություն այն ընկերությունների նկատմամբ, ովքեր դեռ չեն տեղադրել։ Բանը նրանում է, որ տարիներ առաջ իրենց բիզնեսում արևային լուծումներ ներդրած ընկերություններն ավարտել կամ ավարտում են նաև վարկի մարումը, ինչն իր հերթին մեծ դեր ունի արտադրվող ապրանքի կամ մատուցվող ծառայության ինքարժեքի ձևավորման հիմքում։ Մրցակցային առավելությունը կայանում է նրանում, որ, չիրականացնելով ո՛չ էլեկտրաէներգիայի դիմաց վճարներ, ո՛չ վարկի ամսական մարում, ապա այդ բիզնեսների առաջարկվող ապրանքները կամ ծառայություններն ունենում են ավելի ցածր ինքնարժեք, և հետևաբար, նման բիզնեսներն ավելի մրցունակ են դառնում։
Արդարացված ներդրումներ համարվելու տեսանկյունից արևային համարգերը բիզնեսի համար մեկ այլ շատ կարևոր առավելություն ևս ունեն։ Տեղադրելով արևային կայան՝ բիզնեսը դառնում է «անտարբեր» էլեկտրաէներգիայի գնաճի նկատմամբ և կարողանում է վարել կանխատեսելի գնային քաղաքականություն հաճախորդների համար։ Նման հնարավորությունը բիզնեսին դարձնում է ավելի ուժեղ և, հետևաբար, մրցակցային շուկայում ավելի հաջողակ։ Ի տարբերություն ինքնարժեքի նվազմանը, այս առավելությունը բիզնեսն զգում է տեղադրման պահից սկսած, քանի որ որքան էլ բարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը, դրանից չի փոխվի արևային համակարգերի ձեռք բերման պայմանագրերում նշված արժեքները, ինչն էլ հենց էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման նկատմամբ «անտարբերության» հիմքն է։ Այսինքն՝ եթե Ձեր էլեկտրաէներգիայի ամսական վճարը կազմում է պայմանական 100,000 ՀՀ դրամ, ապա արևային համակարգի ձեռք բերման համար բանկային կազմակերպությանը նույնպես վճարելու եք ամսկան մոտ 100,000 ՀՀ դրամ։ Ընդ որում՝ արևային համակարգ տեղադրելիս էլեկտրաէներգիայիայի դիմաց տարեկան հաշվարկով այլևս վճարումներ չեք իրականացնում, իսկ այդ խնայած նույն գումարն ուղղվում է վարկի մարմանը, հետևաբար, եթե նույնիսկ էլեկտրաէներգիայի թանկացումներից հետո Ձեր ամսական վճարը դառնա 120,000 ՀՀ դրամ, միևնույնն է, Ձեր վարկի ամսական մարումը կմնա անփոփոխ 100,000 ՀՀ դրամ։ Այս ամենն օգնում է բիզնեսին զերծ մնալ արտաքին սթրեսներից և ձեռք բերել կայուն գործընկերոջ համբավ գործարար միջավայրում։
Վերոնշյալ առավելություններից բացի արևային համակարգերն ապահովում են տեղադրողների համար չափելի օգուտներ։ Առաջին շոշափելի տնտեսական օգուտն էլեկտրաէներգիայի սպառման համար իրականացվող վճարների զրոյացումն է։ Ակնահայտ է, որ այս հանգամանքը զգալիորեն բարձրացնում է նաև արևային համակարգ տեղադրած տան կամ բիզնեսի շուկայական արժեքը։
Հաջորդ չափելի օգուտները գլոբալ տնտեսական գործընթացների վրա ազդեցությունն ու էկոլոգիական խնդիրների կարգավորումներն են։ Այս տեսանկյունից արևային համակարգերի տեղադրումը նպաստում է և՛ տնտեսական գործընթացներում ակտիվությանը, և՛ CO₂ գազերի արտանետումների կրճատմանը։
Այսպիսով, կարելի է ասել, որ արևային համակարգերը տեղադրողների համար ապահվում են զգալի օգուտներ և առավելություններ, և օր առաջ տեղադրելն արդեն դարձել է ոչ թե ապագային միտված քայլ, այլ ներկայում տեղի ունեցող գործընթացներից դուրս չմնալու անհրաժեշտ պայման։ Սրանով պայմանավորված՝ շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, արևային համակարգերի ոլորտը գտնվում է կառավարությունների ուշադրության կենտրոնում։ Քիչ չեն դեպքերը, երբ տարբեր կառավարություններ այլ երկրներում իրականացնում են սուբսիդիոն ծրագրեր, որոնցից մեկը «ՕՀՄ Էներջի»-ի և լիտվական կառավարության համագործակցության արդյունքում Հայաստանի դպրոցներում և կրթամշակութային հաստատություններում տեղի ունեցող արևային համակարգերի տեղադրումներն են՝ 85-90% լիտվական ֆինանասավորմամբ։
Բացի այս, կառավարություններն աշխատում են նպաստավոր օրենսդրական դաշտ ստեղծել այս ոլորտում ներդրումների համար։ Օրինակ, Հայաստանի Հանարապետությունում 2016 թվականին ընդունված կառավարության որոշումը, որով հստակեցվեց արևային համակարգերից առաքվող էլեկտրաէներգիայի գնման սակագինը, լուրջ խթան հանդիսացավ մեր երկրում արևային էներգետիկայի ճյուղի զարգացման համար։
Արևային համակարգերի տեղադրման ոլորտին առընչվող մեկ այլ առանձնահատկություն է բանկերի սահմանած «քեշ-բեք ֆոնդերը»։ Սրանք միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող հատուկ միջոցներ են, որոնցից օգտվելու պարագայում արևային համակարգեր տեղադրող ընկերություններն ստանում են արևային համակարգի ընդհանուր արժեքի 10-20% հետվերադարձ` կախված այն հանգամանքից, թե ինչ տեսակի ֆոնդեր են շրջանառվում տվյալ պահին։
Այս ամենով է պայմանավորված արևային համակարգերի այսքան արագ տարածումն աշխարհի տարբեր ծայրերում։ Հայաստանի Հանրապետությունում նշված բոլոր առավելություններին, օգուտներին և ոլորտում առկա խթանող հիմնական առանձնահատկություննեին գումարվում է նաև արևային երկիր լինելու հանգամանքը։ Այստեղ 1մ² հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1720 կվտժ/մ², իսկ հանրապետության տարածքի մեկ քառորդն օժտված է տարեկան 1850 կՎտԺ/մ² ինտենսիվությամբ արևային էներգիայի պաշարներով։ Ավելի պատկերավոր ներկայացնելու համար բավարար է միայն ասել, որ մեր երկրում ամենացածր ինտեսիվություն գրանցող մարզերում, որտեղ արևային էներգիայի հոսքի միջին տարեկան արժեքը կազմում է 1200-1300 կվտժ/մ², արևային համակարգերի արատադրողականությունն ավելի բարձր է, քան մի շարք եվրոպական երկրներում գրանցվող ցուցանիշները։
Այսքանով կարելի է եզրակացնել, որ արևային համակարգերն ապահովում են տեղադրողների համար զգալի առավելություններ և չափելի օգուտներ, իսկ արտաքին միջավայրում տեղ գտած խթանող առանձնահատկությունները միմիայն նպաստում են ոլորտի զարգացմանը։ Այս համատեքստում Հայաստանում բնակվող անհատներն ունեն էլ ավելի մեծ հնարավորություններ և սպասվող օգուտներ՝ շնորհիվ երկրում առկա արևային էներգիայի ինտեսիվության բարձր մակարդակի։