Հայաստանի և Լիտվայի առաջին տիկնայք Նոր Խարբերդ համայնքում
Սույն թվականի մայիսի 20-ին տեղի ունեցավ Նոր Խարբերդի Թլկատինցու անվան №1 միջն. դպրոցի արևային ֆոտովոլտային կայանի հանդիսավոր բացումը։ Բացման միջոցառմանը ներկա էին Լիտվայի առաջին տիկին Դիանա Նաուսեդիենեն, ՀՀ առաջին տիկին Անահիտ Մինասյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Արարատի մարզպետ Ս. Թևոնյանը, Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դ. Համբարձումյանը, ՕՀՄ Էներջի ընկերության համահիմնադիրները և այլ բարձրաստիճան հյուրեր։
Կրթական համակարգերի բարելավմանն ու շրջակա միջավայրի պահպանության մարտահրավերներին ընդառաջ, «ՕՀՄ էներջի»-ի և լիտվական կառավարության համագործակցության արդյունքում, Նոր Խարբերդի դպրոցի արևային կայանը տարեկան կարտադրի 16650 կՎտժ էլեկտրաէներգիա, որը կապահովի 900,000 ՀՀ դրամի խնայողություն։ CO2-ի արտանետումների քանակը տարեկան կկրճատվի 8 տոննայով։ Կայանի հզորությունը կազմում է 11,1 կՎտ։ Տեղադրվել են 30 հատ 370 Վտ հզորությամբ արևային վահանակներ։
Դիանա Նաուսեդիենեն ընդգծել է, որ Լիտվան ուրախ է կիսել իր փորձը Հայաստանի հետ արևային էներգիայի ոլորտում, ինչպես նաև երկրի դպրոցները համալրել արևային էներգիայի վահանակներով։
Նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում նվազեցված ծախսերի հաշվին դասասենյակների մի մասը կարող են անցում կատարել էլեկտրական ջեռուցման եղանակներին, որի նման օրինակ է Սյունիքի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցը։
Ծրագրի շրջանակներում Լիտվայի Հանրապետության աջակցությամբ ֆինանսավորվել է կայանի արժեքի 90%-ը։
«ՕՀՄ ԷՆԵՐՋԻ» - ն շարունակում է նման կրթական և ինովացիոն ծրագրերի ներդրումը և ներգրավվումը Հայաստանում՝ շեշտը դնելով բացառապես որակի և կրթական մեթոդների բարելավմանը։