21.06.2024

Ինչո՞ւ են հաշվիչի և ինվերտորի թվերը տարբեր

Հաճախ հարց է առաջանում՝ ինչո՞ւ են արևային կայանի 1 կՎտ - ի արժեքը հաշվարկում վահանակների հզորությամբ, այլ ոչ թե ինվերտորի, կամ ինչո՞ւ են հաշվիչի և ինվերտորի թվերը տարբեր։
Նախ, արևային կայանն ունի հաշվարկային երկու հզորություն՝ պիկային (վահանակների գումարային հզորություն) և դրվածքային (ինվերտորի կամ կերպափոխիչի հզորություն)։
Որպես կանոն, կերպափոխիչ սարքը մինչև 20% կարելի է գերբեռնել, որպեսզի արևային կայանը հնարավորինս հաճախ մոտենա իր պիկերին։

Նկար 1
Օրինակ, նկ․1-ում պատկերված այս արևային կայանի պիկային հզորությունը 57․75կՎտ է, այսինքն ԿԲ-ի սեփականություն հանդիսացող այս տարածքում տեղադրվել է 105 հատ 550Վտ հզորությամբ արևային վահանակ (գումարային 57․75կՎտ), իսկ ինվերտորը, որը հաստատուն հոսանքը կերպափոխում է փոփոխական հոսանքի, 50կՎտ հզորությամբ է։ Բանն այն է, որ 550Վտ հզորությամբ վահանակը հասնում է իր պիկերին, երբ ունենք եղանակային պայմանների մի քանի միաժամանակյա համատեղում՝ օդի ցածր ջերմաստիճան, արևի բավարար ինտենսիվություն և օդի զանգվածի բավարար ցուցանիշ (կամ օդի մաքրության գործակից)։ Իսկ հիմնականում դրանց համատեղումը տարեկան կտրվածքով շատ քիչ է լինում, կամ չի լինում։
Այսպես, Երևանում ամռանն արևի ինտենսիվությունը շատ բարձր է, ջերմաստիճանը՝ նույնպես, օդն էլ բավականին աղտոտված, հետևաբար 1 հատ 550Վտ հզորությամբ վահանակը չի կարող զարգացնել ժամում 550Վտ հզորություն վերը նշված պատճառներով, ուրեմն պետք է ինվերտորը գերբեռնել թույլատրելի տիրույթում, որպեսզի հնարավորինս վահանակների պիկային հզորությունը մոտենա ինվերտորի հզորությանը։ Իսկ տվյալ դեպքում ինվերտորի ելքային հզորությունը առավելագույնը 50կՎտ-ն է, որն, ի դեպ, ամրագրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից։

Նկար 2
Մեկ այլ օրինակում (նկ․ 2) արևային կայանի պիկային հզորությունը 99.36 կՎտ է։
OHM ENERGY ընկերության կողմից «Բոնիլատ» ընկերությունում արևային կայանի տեղադրման համար օգտագործվել է 288 հատ 345 Վտ հզորությամբ գերմանական արտադրության միաբյուրեղ արևային վահանակ (գումարային 99․36 կՎտ) և 97 կՎտ ընդհանուր հզորությամբ 5 ինվերտոր։
Ինչպես նախորդ օրինակում, այս դեպքում ևս, 345 Վտ հզորությամբ վահանակը հասնում է իր պիկին, երբ ունենք եղանակային պայմանների միաժամանակյա համատեղում և անհրաժեշտության դեպքում ինվերտորի ելքային հզորությունը կարող ենք գերբեռնել միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի կողմից ամրագրված թույլատրելի տիրույթում՝ այս դեպքում մինչև 97 կՎտ։
Դե իսկ կայանի արժեքը ներառում է տեղադրվող վահանակները, ինվերտորը, ավտոմատիկան, կարկասային աշխատանքները, մոնիթորինգը և այլ ծախսեր, որից հետո կարելի է ստանալ 1կՎտ հզորությամբ արևային կայանի արժեքը։ Միայն այս պարագայում է հնարավոր ամբողջ համակարգը առավել ամբողջական և ճշգրիտ գնահատել։
Եզրակացություն
Արևային կայանի արժեքը հաշվարկվում է վահանակների հզորությամբ, քանի որ վահանակներն էլեկտրաէներգիա արտադրող համակարգի հիմնական բաղադրիչն են, որոնցից պայմանավորված որոշվում է, թե որքան էլեկտրաէներգիա կարտադրվի: Ինվերտորը միայն փոխակերպում է վահանակների արտադրած հաստատուն հոսանքը փոփոխական հոսանքի։ Թեև ինվերտորը կարևոր է, բայց այն ինքնուրույն չի արտադրում էլեկտրաէներգիա։ Վերջինիս հզորությունը պետք է ճիշտ համեմատական լինի վահանակների հզորությանը: