12.08.2023
Հայ-լիտվական բարեգործական ծրագրի շրջանակում 19 կրթական հաստատությունում տեղադրվել է արևային կայան
«Օհմ Էներջի» ընկերությունը «Զարգացող երկրներում կլիմայի փոփոխության մեղմման և կլիմայի ադապտացման համար լուծումների և տեխնոլոգիաների ներդրմամբ՝ փոխանցելով լիտվական փորձը» ծրագրի շրջանակներում, համագործակցելով «Solet Technics» ընկերության հետ, Լիտվայի Հանրապետության Բնապահպանության նախարարությանը կից բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության հետ համատեղ, իրականացնում է ՀՀ մշակութային տների, դպրոցների, մանկապարտեզների և նմանատիպ այլ կառույցների արևային կայանների ձեռքբերման ծրագրի ֆինանսավորում։
Վերը նշված բարեգործական ծրագրի շրջանակում ամեն տարի մի քանի տասնյակ կրթական հաստատություններ անցում են կատարում արևային էներգիային։ Այս տարի ևս բացառություն չէր և ՀՀ 19 կրթական հաստատությունում տեղադրվեց արևային կայան՝ 90% լիտվական ֆինանսավորմամբ։
Ընդհանուր առմամբ այս տարի տեղադրվեց 466 կՎտ հզորությամբ արևային կայան՝ ապահովելով տարեկան մոտ 35,000,000 ՀՀ դրամի խնայողություն, որն իր հերթին կրճատում է CO2-ի արտանետումները 315 տոննա/տարի։
Ծրագրին մասնակից դարձավ նաև Բուժականի Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ տեղի ունեցավ բացման հանդիսավոր արարողությունը։ Ներկա էին ՀՀ-ում Լիտվայի նորանշանակ դեսպան Անդրիուս Պուլոկասը, Լիտվայի արևային էներգիայի ասոցիացիայի նախագահ Վիտաս Մաչիուլիսը, «Solet Technics» ընկերության վաճառքի տնօրեն Թոմաս Ռիդիկասը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախարարի խորհրդական Արամ Մելքոնյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, ինչպես նաև «Օհմ Էներջի» ընկերության ներկայացուցիչները՝ ֆինանսական տնօրեն Հրանտ Գնունու գլխավորությամբ։
Ներկաները կարևորեցին նման բարեգործական ծրագրերի իրականացումը, որը միտված է ՀՀ-ում կրթական որակի բարելավմանը և նորարարությունների կիրառմանը։
Ի դեպ, ծրագրին այս տարի միացել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հայ-լիտվական բարեգործական այս ծրագիրը շարունակական է, որից կարող են օգտվել ՀՀ կրթական բոլոր հաստատությունները։