01.08.2023

«Վերականգնվող էներգիայի ներուժն ու մարտահրավերները Վրաստանում» խորագրով պանելային քննարկում

Հուլիսի 27-ին Վրաստանի «Tbilisi Hills» համալիրում տեղի ունեցավ 𝟓𝟏𝟖.𝟒 կՎտ հզորությամբ արևային կայանի բացման պաշտոնական արարողությունը, որը կազմակերպել էին «Օհմ Էներջի» և «Photomate Georgia» ընկերությունները՝ «Tbilisi Hills»-ի աջակցությամբ:

Միջոցառումն ուղեկցվեց վերականգնվող էներգիային վերաբերող պանելային քննարկմամբ, որի ընթացքում անդրադարձ եղավ Վրաստանում վերականգնվող էներգիայի ներուժին և մարտահրավերներին, ինչպես նաև բիզնեսի համար բանկային և պետական հատվածների համագործակցության անհրաժեշտությանը։ Ներկա էին պաշտոնատար անձինք, էներգետիկ և ֆինանսական ոլորտների ներկայացուցիչներ, գործարարներ, վերականգնվող էներգիայով հետաքրքրվողներ, ԶԼՄ ներկայացուցիչներ։

Բանախոսները ներկայացրեցին արևային էներգիայի առավելությունները՝ տնտեսական, ֆինանսական, բնապահպանական տեսանկյուններից։ Այլընտրանքային էներգիան Վրաստանում նոր զարգացող ոլորտ է և ըստ մասնագետների՝ լայնածավալ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն կա։ Ներկայումս այս ուղղության զարգացման համար «Օհմ Էներջի»-ն բազմաթիվ քայլեր է ձեռնարկում, որոնց արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։

Հյուրերը հնարավորություն ունեին նաև հարցեր ուղղելու ներկա մասնագետներին՝ ստանալով սպառիչ պատասխաններ։

Անդրադարձ եղավ նաև «Օհմ Էներջի» ընկերության կողմից Վրաստանում իրականացվող մեծածավալ աշխատանքներին, որոնք արդեն նախագծման փուլում են: Միջոցառմանը ներկա էին նաև «Օհմ Էներջի» ընկերության ֆինանսական տնօրեն Հրանտ Գնունին, ինժեներական բաժնի աշխատակից Դավիթ Բարխուդարյանը և Մարքեթինգի բաժնի ղեկավար Գարրի Ղազարյանը։

Այցը հագեցած էր նոր ծանոթություններով, փորձի փոխանակմամբ և հետագա համագործակցությունների հեռանկարով։