Արևային էներգիա՝ Մեղրիի Մարզամշակութային կենտրոնին և «Արևիք» արվեստի դպրոցին
Մեղրիի մարզամշակութային կենտրոնում հյուրընկալվել է ՀՀ-ում Լիտվայի հայաստանյան դեսպան Ինգա Ստանիտե – Տոլոչկիենեն: Այցի առիթն «Արևիք» արվեստի դպրոցի Մեղրիի մասնաճյուղի տանիքին տեղակայված ինքնավար արևային կայանների բացման արարողությունն է: Միջոցառմանը մասնակցել է Մեղրի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Սամվելյանը, համայնքապետարանի աշխատակիցներ ու այլ հյուրեր:
Ծրագիրը ֆինանսավորվել է Լիտվայի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը կից «Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության» կողմից, որն իրականացվում է JSC SOLET Technics-ի կողմից՝ գործընկեր OHM Energy LLC- ի հետ:
Արևային կայանի բացման արարողությունից հետո Ա. Սամվելյանը հանդես է եկել շնորհակալական խոսքով՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն դպրոցի, այլ նաև ամբողջ համայնքի համար: Մեղրի համայնքին ցուցաբերած մեծ աջակցության, հայ-լիտվացի ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված մեծ ջանքերի համար Ա. Սամվելյանը տիկին Ինգա Ստանիտե — Տոլոչկիենեին շնորհակալագիր է շնորհել: Ծրագրի հեղինակներին շնորհակալություն են հայտնել նաև «Մեղրիի Մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Աննա Համբարձումյանն, ինչպես նաև «Արևիք» արվեստի դպրոցի սաները՝ երգով ու պարով:
Օրն ամփոփվել է արվեստի դպրոցի տարբեր դասարաններում շրջայցով ու Մեղրիի նորաբաց զբոսայգի այցելությամբ: