16.04.2024
Լիտվական ընկերությունը արևային էներգիայով կապահովի Հայաստանի կրթական, արվեստի և բժշկական հաստատություններին
Lիտվական «Solet» և հայկական «Ohm Energy» ընկերությունները Հայաստանում արևային կայաններ կտեղադրեն, որոնք էլեկտրաէներգիայով կապահովեն 10 պետական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցներ, կրթական, բժշկական և այլ հաստատություններ:
Ընկերության ղեկավար Անդրիուս Կարազինասի խոսքով, տեղադրված արևային կայանը տարեկան կարտադրի ավելի քան 174 հազար կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը կապահովի հաստատությունների տարեկան էլեկտրաէներգիայի պահանջարկի 87 տոկոսը:
Լոռու մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսում և սահմանակից է Վրաստանին։ Մարզի վարչական կենտրոնը՝ Վանաձորը, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է։ Արևային էլեկտրակայանները մատակարարելու են Վանաձոր համայնքի արվեստի դպրոցը, Կոմիտասի անվան կրթօջախը, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկան, Գուգարքի կենտրոնական պոլիկլինիկան, Ջրաշենի բժշկական կլինիկան, Լոռու Փամպակի երկրաբանական թանգարանը, Հ.Թումանյանի Սարալանջոյի հիմնական դպրոցը, Սպիտակի N5 նախակրթարանը, Թեղուտի ավագ դպրոցը, Վանաձորի Ա.Իսահակյանի անվան N2 դպրոցը, Գայի անվան 21 հիմնական դպրոցը։
Ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են նախորդ տարվա օգոստոսին։ Նախատեսվում է, որ արևային կայանները կտեղադրվեն այս տարվա օգոստոսին: Ծրագրի նպատակն է մեղմել կլիմայի փոփոխության հետևանքները և Հայաստանի բնակչությանն ապահովել վերականգնվող էներգիայով: Աշխատանքները ֆինանսավորվում են Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալության (EPVA) կլիմայի փոփոխության դեմ պայքարի ծրագրի կողմից: Միջոցների մի մասը տրամադրվել է նաև «Solet» ընկերության կողմից՝ գործընկերների հետ համատեղ:
2018 թվականից ի վեր, «Solet»-ն արդեն իրականացրել է 16 երկկողմ զարգացման համագործակցության ծրագիր այլ երկրներում, ինչպիսիք են՝ Վրաստանը, Մոլդովան, Հայաստանը և Նիգերիան: Այս նախագծի շրջանակում, ընկերությունը տեղադրել է ավելի քան 60 արևային կայան դպրոցներում, մանկապարտեզներում, բժշկական կենտրոններում և այլ հաստատություններում: